Չկարդացողը կփոշմանի/Հարցազրուց մայրիկիս հետ

Մեր ընտանիքում միայն ես եմ  Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի սան՝ սեբաստացի, եւ  ես իմ դպրոցը շա՜տ եմ սիրում: Այս մոտեցմամբ տատիկս պուշկինցի է, հայրիկս՝ մուշեղիշխանցի, մայրիկս՝ բակունցցի: Բայց մերոնք էլ իրենց սեբաստացի են համարում: Թե ինչու՝ կարդացեք մայրիկիս հետ իմ հարցազրույցում: /Ի դեպ, հայրիկս հետաքրքիր մի բան նկատեց. քանի որ մեծ վարժապետն ինքը Սեբաստացի էր, Մխիթար Սեբաստացի, մենք ոչ թե սեբաստացիներ ենք, այլ սեբաստացիցիներ կամ սեբաստացցիներ :)/

-Մայրիկ, դու Բակունցի անվան դպրոցն ես ավարտել, Գորիսում, այսինքն՝ բակունցցի ես: Բայց ասում ես, որ քեզ նաեւ սեբաստացի ես համարում: Ինչու՞:

-Այո, ես ինձ նաեւ սեբաստացի եմ համարում, որովհետեւ դու ես սեբաստացի, Արամ: Եվ մեր ընտանիքի ընտրությամբ ես դու դարձել սեբաստացի: Չէ որ դպրոցները շատ են, ընտրությունը՝ մեծ: Մենք քեզ համար որպես երկրորդ ընտանիք ընտրեցինք հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ հույսով, որ մեր սպասումները կարդարանան: Բարեբախտաբար այդպես էլ ստացվեց. Սեբաստացին, իսկապես, լավ դպրոց է:

-Ինչու՞ եք ընտրել հատկապես այս դպրոցը: Ինչու՞ է այն լավը:

-Շատ էինք լսել Սեբաստացու մասին, այն մասին, որ այդ դպրոցում բոլոր երեխաներն իրենց լավ են զգում՝ անկախ նրանից՝ լավ են սովորում, թե ոչ այնքան, հարուստ են, թե աղքատ, խնդիրներ ունեն, թե ոչ….Մեր ընկերներից մի քանիսը Սեբաստացու շրջնավարտներ են, նրանց օրինակն էլ լավն էր. բոլորն էլ մարդասեր են, գիտեն իրենց իրավունքները, ազատատենչ են….Հետո, քանի որ դու լսողության խնդիր ունես, շատ կարեւոր էր, որ դասարանում քիչ երեխաներ լինեին, որպեսզի ավելորդ աղմուկը չխանգարեր քեզ: Իսկ Սեբաստացիում առավելագույնը 20 երեխա էր դասարանում, այն դեպքում, երբ հարեւան դպրոցում 36-ն էին: Եվ վերջապես, Սեբաստացին մեր թաղամասում է, եւ դա էլ է կարեւոր….իմ կարծիքով երեխան չպետք է հոգնի դպրոցի ճանապարհին:

-Ինչո՞վ է տարբերվում իմ դպրոցը քո դպրոցից:

-Քո դպրոցը Անկախ Հայաստանի դպրոց է, իմը եղել է ՛՛սովետական՛՛: Ձեզ մոտ ազգային դաստիարակությունն ու կրթությունը շատ բարձր մակարդակի վրա են, մեզ մոտ ավելի շատ ստանդարտ հայրենասիրության դասեր էին: Դուք հարիսա ու ղափամա եք եփում դպրոցում, մենք՝ ոչ :): Դուք ավելի շատ եք ճամփորդում, քան մենք: Դուք ավելի ազատամիտ եք, գիտեք ձեր իրավունքները, մենք ավելի ենթարկվող էինք եւ ավելի կաղապարված: Բայց այնպես չէ, որ մեր դպրոցն առավելություններ չուներ: Իմ կարծիքով մենք ավելի շատ էինք գնահատում գիտելիքը, քան դուք: Մեր գիտելիքները ավելի հիմնավոր էին, համոզված եմ, ձեր դպրոցում գուցե եւ շատ է ինֆորմացիան, բազմազան ու գեղեցիկ մատուցմամբ, բայց ոչ այնքան հիմնավոր, որովհետեւ մեր դպրոցում ուսուցչները ինչ սովորեցնում ու հանձնարարում էին, ստուգում էին, իսկ ձեր դպրոցում ասում են՝ սովորում եք ձեզ համար եւ շատ հաճախ չեն ստուգում, ինչը, իմ կարծիքով շատ երեխաներ կարող են ուղղակի առիթ դարձնել չսովորելու: Մեր կարգուկանոնն օգնում է մեզ մինչեւ հիմա, դուք ավելի ՛՛շիլաշփոթ՛՛ եք, համարյա հարիսայի պես 🙂 Մենք էլեկտրոնային գրատախտակներ չունեինք, դուք էլ կավիճ չունեք 🙂 Մեր ուսուցիչները խիստ էին, պահանջկոտ, ազդեցիկ, պատկառելի, ձեր ուսուցիչներն ավելի դեմոկրատ են, ընկերական ու հանդուրժող: Մենք կարծում էինք՝ ուսուցիչները հաց չեն ուտում, իսկ դուք ամբողջ օրը ՛՛քեֆ եք անում՛՛ ձեր ուսուցիչների հետ  🙂

-O, ինչ հետաքրքիր տարբերություններ: Հահահա: Բայց մեկ է մենք էլ ենք սովորում և շատ ավելի լավ, քանի որ մենք ազատ ենք, ձեր դպրոցներում եթե դուք դասի ժամանակ դասատուին ինչ-որ հարց տայիք, ասենք՝ փռշտալուն ֆրանսերեն ինչ են ասում, իսկ ձեր դասատուն՝ՍՈՒՍ ՄՆԱ, ԴԱՍ ԵՄ ՊԱՏՄՈՒ՜Մ, վաղն էլ գալու ես-ասես՝ իսկ զկրտալուն ինչ են ասում: Իսկ մեր դպրոցում, մայրիկ ջան, ուսուցիչը շատ հանգիստ կպատասխաներ առաջին հարցին, այսպես մենք արագ ենք սովորում: Լավ արի չվիճենք: Ի դեպ ձեր դպրոցում երեխաներին ծեծում էի՞ն:

-Չեմ վիճում, որովհետեւ հոգով-սրտով սեբաստացու հետ այս հարցի շուրջ վիճելն անիմաստ է 🙂 Իսկ ծեծելու մասին ասեմ, որ մենք էլ այնքան ՛՛հին՛՛ չենք, Արամ,  այսինքն Տեր Թոդիկի դպրոցում չենք սովորել, եւ մեր դպրոցում էլ երեխաներին չէին ծեծում….եթե ծեծեին, կփոշմանեին, որովհետեւ նույն այդ ՛՛սովետական՛՛ իշխանությունը կհեռացներ նրանց աշխատանքից 🙂

-Շնորհակալություն, մամ, հարցազրույցի համար: Վերջում խնդրում եմ քո մաղթանքը մեր դպրոցին ու մեզ:

-Խնդրեմ, ես մեծ սիրով պատասխանեցի քո հարցերին: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին մաղթում եմ հարատեւություն, նորանոր ձեռքբերումներ, շատ եւ խելացի սաներ, ուժեղ թիմ, իսկ սաներին եւ ուսուցիչներին՝ առողջություն, սեր եւ միասնություն: Թող ոչ մի աշակերտ չափսոսա եւ չամաչի, որ սեբաստացի է, չեմ էլ կասկածում 🙂

3 comments

Թողնել մեկնաբանություն