Իմ առաջին սիրելի գիրքը

Երբ փոքր էի (իբր հիմա էլ շատ մեծ եմ՝ 10 տարեկան), ինձ համար կյանքը խաղալիքն էր: Ու չգիտեմ որքան կշարունակվեր դա, եթե մի օր մայրիկս չառաջարկեր ինձ կարդալ իմ կյանքի առաջին “կարգին” գիրքը: Թող չվիրավորվեն մինչ այդ իմ ընթերցած հարյուրավոր հեքիաթներն ու դրանց հարգարժան հեղինակները, բայց հենց այդ գիրքն իմ առջև բացեց գրքերի անսահման աշխարհի դռներն ու հրավիրեց ներս՝ մոլորակ, որից հեռանալու ցանկություն երևի երբեք չեմ ունենա: Ու երևի բնական է, որ հենց այդ գիրքը դարձավ իմ սիրելին (այն վերընթերցել եմ արդեն 7 անգամ, խայտառակություն ): ԱՌԱՋԻՆՆ ՈՒ ՍԻՐԵԼԻՆ Դա պատմություն է սովորական մի քաղաքում, սովորական մի տան մեջ ապրող սովորական մի ընտանիքի մասին, ավելի ստույգ՝ սովորական այդ ընտանիքի սովորական տղայի ու նրա ոչ այնքան սովորական ընկերոջ … Գուցե Դուք արդեն կռահեցիք որ տղայի մասին է խոսքը, բայց գուցե և ոչ 🙂 Հանգիստ, միայն թե հանգիստ… Ուրեմն այդ սովորական տղայի սովորական ընտանիքն այդ ոչ բարեհաջող օրը նախատել էր նրան՝ պատռված վարտիքի, դպրոցից ուշանալու և քիթը “մշմշացնելու” համար: Եվ իր սենյակի պատուհանի մոտ նստած այդ խեղճ , տխուր ու իրեն անբախտ համարող “սովորականի”վիճակը պատկերացրեք, երբ նրա առջև հայտնվում է հաստլիկ մի մարդուկ, ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ օդի մեջ, առանց հենման կետի….այ քեզ բան….խեղճ “սովորականին” միայն դա էր պակասում…Անծանոթն իր մասին վատ կարծիքի չէր՝ գեղեցիկ, խելացի, չափավոր գեր, ուժերի ծաղկման շրջանում…. Կարծում եմ արդեն կռահեցիք…..ախր չեմ կարող գրել՝ առանց այս արտահայտությունները մեջբերելու 🙂 Բայց եթե դեռ չեք կռահել, ոչինչ…. Դատարկ բան է, մանրուք…. Այ՝ մանրուք չէր “սովորականի” ու “անսովորի” կապը: Դա նվիրվածության ու հավատարմության մի հրաշալի օրինակ էր, ընդհուպ մինչև տան եղած-չեղած մուրաբաների ու կոնֆետների զոհաբերումը, էլ չասեմ հրաժարվելը՝ 15-օրյա ճամփորդությունից, այն էլ շոգենավով…: Իսկ դայակի պատրաստած բլիթների ու տեֆտելիների “ճակատագրի” մասին թույլ տվեք լռել…բայց և… Շարունակենք զրույցը…. “Ոչ սովորականն” ուներ մի կոճակ, մի անսովոր կոճակ, որն էլ հենց հանում էր նրան սովորականների ձանձրալի շարքից: Եվ այդ կոճակի աշխատանքը խիստ կախված էր ներմուծվող մուրաբայի ու ցանկացած այլ քացրավենիքի չափից: Ուրեմն բնական է, որ “ոչ սովորականի” համար բլիթների մեջ էր երջանկությունը, թեկուզ և այն բլիթների, որ պատրաստել էր “տնային հոգեառուհին”: Եվ եթե “ոչ սովորականը” երջանիկ էր, պատրաստ էր նույնիսկ գող-ավազակների հախից գալ…դառնալով Աշխարհի ամենալավ ուրվականը՝ շարժիչով….ճիշտ է մի քիչ վայրենի, բայց շատ համակրելի… Եթե դուք այսքանից հետո էլ չկռահեցիք, թե ում մասին է խոսքը, ես պատրաստ եմ հիշեցնել, որ նա նաև տաղանդավոր էր, ավելի լավը, քան շնիկը, աշխարհի չեմպիոն մի տատիկ ուներ՝ գրկելու հարցում, պահապան-մայրիկ՝ 7 տարեկան տղայի տեսքով, գիտեր զվարճանալ, չգիտեր՝ ինչ է հայրիկը և կարող էր “թռնել”ցանկացած պահի…. Ասեք, որ կռահել էիք ի սկզբանե: Իհարկե, չեմ էլ կասկածում: Պարզապես Կառլսոնն այն կերպարն է, ում թեւավոր դարձած խոսքերը հաճելի է հիշել ևս մեկ անգամ: Այո, “Մանչուկն ու Կառլսոնն” է իմ առաջին սիրելի գիրքը (ես մտածում եմ, որ սիրելին չի կարող լինել ամենա- կամ քիչ- կամ մի քիչ- սիրելի): Եվ Աստրիդ Լինդգրենն է իմ առաջին սիրելի հեղինակը: Չեմ կարող հիշել, թե քանի գիրք եմ կարդացել Կառլսոնից հետո և քանիսն են դարձել իմ սիրելիները, բայց ոչ առաջինը 🙂 Շնորհակալ եմ տիկին Լինդգրենին, մայրիկիս, հայրիկիս և տատիկիս՝ գրքերի անծայրածիր ճանապարհին իմ հրաշալի ուղեկիցներն ու խորհրդատուները լինելու համար: Ես շատ կուզեի, որ կյանքում բոլորն իրենց շարունակեին Մանչուկ զգալ և ունենային Կառլսոն, իսկ եթե տեսնեին ինչ-որ Մանչուկի՝ տխուր ու միայնակ, փորձեին դառնալ նրա Կառլսոնը՝ աշխարհի ամենաբարի ուրվականը՝ ճիշտ է մի քիչ գեր, բայց շատ համակրելի: Այնքան կուզեի մի հրաշք լիներ, Ստոկհոլմի տանիքների հրեշտակն ու Սվանտեն (Մանչուկը, ում իսկական անունով դժվար թե մեկը ճանաչի) մի անգամ ծննդյանս տարեդարձին հայտնվեին ուղիղ կողքիս…..

Առայժմ դա եղել է միայն բացիկի տեսքով (մայրիկս վատ չի նկարում, չէ? 🙂 🙂 🙂

1620794_772461769444504_5244382398236458816_n

Թողնել մեկնաբանություն