Գնացինք Կոռնիձոր՝ հասանք Քաշաթաղ

Գլուխ 1. Օրը բացվում է

Հոկտեմբերի 13-ն էր, ուրբաթ: Քանի որ արդեն սկսվել են վերմակի տակ տաքուկ քնելու ժամանակները և դժվար է ինքդ քեզ վեր կացնելը, քանի որ վերմակի տակի տաքուկությունը անսահման հաճելի է, ես արթնացել էի, բայց չէի վեր կացել: Արթնացած մտածում էի տեսածս երազի մասին, որտեղ իբր թե Շիրակ ֆուտբոլային ակումբը դարձել էր Եվրոպա Գավաթի հաղթող, երբ գլուխս թեքեցի, մեկ էլ անկողնիս տակ ճամպրուկ տեսա: ՙՙԷս ճամպրու՞կը ինչի ա ստեղ՚՚, ու՜… մեկ էլ հիշեցի, որ այսօր Կոռնիձոր ենք գնալու: Հազիվ զսպեցի ինձ, որ ուրախությունս բարձր չարտահայտեի ու արթնացնեի տնեցիներին: Օրը բացվեց:

Գլուխ 2. Ճանապարհվում ենք

Արդեն վեր կենալուցս մի քանի ժամ էր անցել և ես ու մայրիկս արդեն դասավորել էինք ճամպրուկը, որը շատ ծանր էր ստացվել՝ ոչ թե շորերի շատությունից, այլ իտալական սպագետիի ու ճապոնական բրինձի ներկայության պատճառով: Մայրիկս ասաց. թե կտաս տնեցիներին, որ քեզ հյուրընկալելու են: Ահա արդեն ճամպրուկը դրվեց հայրիկիս ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ ուսապարկը կողքս դրեցի: Հայրիկս քշում էր, մայրիկս խորհուրդներ էր տալիս, իսկ ես նրան լսելով պատուհանից նայում էի: Չգիտես ինչու Երևանից դուրս ինչ-որ տեղ ճանապարհվելուց առաջ, Երևանին ուրիշ կերպ եմ նայում, չեմ իմանում ինչու է այդպես, սակայն ուրիշ ձևով եմ նայում՝ կարծես հաջողություն ասելով: Դու՞ք էլ եք այդպես: Եթե այո, ապա կարիք չկա բացատրելու թե ինչու է այդպես, իսկ եթե ոչ, ապա կարիք կա բացատրելու, բայց չեմ կարող բացատրել՝ դա անհնար է անել բառերի օգնությամբ: Վերջապես պատուհանից երևաց սպիտակ սպրինտերը, որով էլ ուղևորվելու էինք ու սպրինտերի շուրջ կային երեխաներ, որոնց դեմքերին նկատվում էր այն մեծ ոգևորությունը, որ լինում է ցանկացած եռօրյա ճամփորդությունից առաջ: Իմ ոգևորությունը կրկնապատկվեց և ահա արդեն ես ձեռքով արեցի մայրիկիս ու հայրիկիս: Եվ մենք՝ սովորողներս, ամենքս մի մի տրամադրությամբ սկսեցինք ճանապարհը դեպի Սյունիքի մարզ, Կոռնիձոր:

IMG_0013.JPG

Գլուխ 3. Ճանապարհը

Ճանապարհով մի սպիտակ սպրինտեր էր սլանում: Նստած էի ու պատուհանից դուրս էի նայում: Արարատն էր երևում ու կարծես հատուկ էր երևում, որ նրա գեղեցկությունից զմայլվեմ ու քնել չկարողանալով ակամայից ճանապարհի մյուս գեղեցկություններն էլ տեսնեմ:  Նայում էի ճամբարականներին, մի մասը քնած, մի մասը խորասուզված հեռախոսի  մեջ ու նրանցից մեկի շրթունքները մեկ-մեկ ուծյու-ի ձև էին ստանում կամ էլ սկսում էին մտքում շշշշշ անել: Մի մասն էլ ուղղակի աչքերը չռած պատուհանից էր նայում կամ էլ կողքի նստածի հետ շաղակրատելով չինգաչունգ էր խաղում: Ես լավ գիտեի, որ ճանապարհը երկար էր ու ինձ համար սովորական էր, որ արդեն երկու ժամ էր անցել, բայց ոչ մի տեղ չէինք հասել: Մեծ դաշտեր էին, որոնց վրա բլրակներ, իսկ արդեն հեռվում լեռներ: Այդպես լեռներին էի հետևում, երբ ճանապարհը միանգամից փոխվեց՝ դարձավ ծառաշատ: ՙՙԵղեգնաձորին ենք մոտենում՚՚ մտածեցի ես, երբ մեր սպրինտերը տորմուզ տվեց և մի քանի վայրկյան անց արդեն միմյանց համոզում էինք հյուրասիրվել: Էլ նրբերշիկ, էլ աղի ձողիկ, էլ հաց ու պանիր, էլ բիսկվիթ ու կարկանդակ: Ինչ ասես կերա ես այս մեծ կերուխումին:

 

 

Կրկին ճանապարհ էր՝ ծառաշատ հատվածն այլևս չկար ու հիմա կրկին բլուրներ էին, դաշտեր ու ձանձրույթ: Քնեցի:

Գլուխ 4.Երեկոյան Ճոճվող կամուրջը

Արթնացա: Արթնացա ու զարմացա, քանի որ պատուհանիցս երևում էր միայն սպիտակ և ուրիշ ոչինչ: Մառոխու՞ղը երբ հասցրեց այսպես ծածկել մեզ: Երբ Սիսիանում քնեցի, ամպիկի նշույլ անգամ չկար: Իսկ հիմա մառախուղ էր դրած: Ինչևէ: Ուղղակի հետաքրքիր էր: Լավ:

Հանկարծ մառախուղի մեջից երևաց Գորիսի զանգերը ու ես բարձրացածր ձայնով գոռացի.

-Գորի՜ս:

Ձեռքերով, դեմքով, քթով ամենինչով հպված պատուհանից վայելում էի Գորիսը, երբ հասանք Խնձորեսկ: Չնայած ես արդեն հազար անգամ եղել էի Ճոճվող կամրջում, ինձ համար այս անգամ էլ էր հետաքրքիր լինելու, քանի, որ արդեն երեկո էր, առաջին անգամ էի տեսնելու երեկոյան Ճոճվող կամուրջը և կար շատ մեծ ու լավ մթնոլորտ՝ շնորհիվ հրաշալի շրջապատի: Անասելի գեղեցկությունը կրկին վայելեցի: Երեկոյան Ճոճվող կամուրջը ոչ մի բանով չէր զիջում առավոտյան Ճոճվող կամուրջին: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ կարողացա տաս մետր հեռավորությունից աղվես տեսնել և ֆիքսել նրան ֆոտոապարատով: Ահա նա մեզնից փախչելուց /Չգիտեմ էլ ինչի փախավ, բան չէինք անում իրան 😦 /:

IMG_0067.JPG

Արտակարգ գեղեցիկ էին և՛ հին քարանձավային Խնձորեսկը, և՛ Ճոճվող կամուրջ տանող արահետը, և՛ հենց ինքը՝ կամուրջը, և՛ մառախլապատ եղանակը, որը շատ լավ էր բռնում աշնանային գույների հետ: Ամեն ինչ սքանչելի էր, ուղղակի սքանչելի:

 

 

 

Գլուխ 5. Տեղավորվում ենք

Ճոճվող կամուրջից հետո, բացարձակ մթության մեջ մեր ավտոբուսը սլանում էր դեպի Կոռնիձոր: Վերջապես մառախուղի միջից նշմարվեցին հատուկենտ դեղին լույսեր, այնուհետև արդեն մի ամբողջ գյուղ: Կոռնիձորն էր: Վերջապես հասանք: Ահա արդեն սեղանի մոտ մեր քաղցն ենք հագեցնում համեղ գյուղական կոտլետով, կարմիր լոբով և վառարանի վրա թխված տաք հացով:

IMG_0123.JPG

Այդ համեղությունները վայելելուց հետո մի քիչ կարտ խաղացինք տղերքով ու պարոն Տիգրանյանն եկավ՝ թե Արամ, Նարեկ, Հարություն թռեք, գնում ենք բռնադատվածի թոռան հետ հարցազրույցի: Ձեռքիս տուզերն ու կառոլ-դամաները թողելով արդեն քայլում էի տների ջահերով լուսավորվող փողոցով ընկեր Վարդանի հետևից, իսկ իմ կողքից գալիս էին՝ պարոն Տիգրանյանը, Նարեկն ու Հարությունը: Ահա արդեն բռնադատվածի թառան՝ Նիկոլայ Բաբայանի հետ հարցազրույց ենք վերցնում: Պարզվում է, որ…

 

Գլուխ  6. Բռնադատվածներ նախագծով

Մենք երկու խմբով էինք  եկել Կոռնիձոր` մի մասը եկել էր Կոռնիձորի միջն. դպրոցի հետ կրթական փոխանակման և բարձունքի հաղթահարման նախագծի նպատակով, իսկ մյուսը ՚՚Բռնադատվածներ՚՚ նախագծով: Ես համարվում էի ՙՙԲռնադատվածներ՚՚ նախագծով աշխատող և պարոն Տիգրանյանի, Նարեկի ու մի քանի այլ դեռահասների հետ պետք է երկու հոգուց հարցազրույց վերցնեի: Այսօր պետք է վերցնեինք Նիկոլայ Բաբայանից՝ բռնադատվածի թոռանից: Հարցազրույցից մենք պարոն Տիգրանյանի ու ընկեր Վարդանի հետ իմացանք տարբեր հետաքրքիր բաներ: Նիկոլայ Բաբայանը բռնադատված էր, ով աքսորվել էր Սիբիր, մեղադրվելով, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Խորհրդային բանակի դեմ: Սակայն մենք նրա տանը հայտնաբերեցինք ապացույց-փաստաթղթեր, որոնք փաստում են, որ նա կռվել է Ֆրանսիայում՝ Գերմանիայի դեմ, ուղղակի ինչ-որ ձևի գերի է ընկել գերմանացիներին և մեղադրվել Գերմանական կողմից կռվելու համար: Այդ ամենը մենք իմացանք նրանց տանը եղած փաստաթղթերից, Նիկոլայ Բաբայանի անձնագրերից և նրա թոռան պատմածներից /ով ի դեպ Արցախյան պատերազմի մասնակից է և հետախույզ է եղել/: Նիկոլայ Բաբայանը նաև մասնակցել էր Ֆրանսիական դիմադրական շարժումին, ինչի համար էլ Ֆրանսիայի իշխանությունների կողմից արժանացել էր մեդալի և եղել էր Խորհրդային առաջին պարտիզանական գնդում: Բա՞: Կարծես կինո լիներ բռնադատվածի պատմությունը: Նույնիսկ Պարոն Տիգրանյանը, որ արխիվում ուսումնասիրել էր նրա գործը ուղղակի ապշել էր իր բացահայտումներից հետո:

IMG_0133

 

Գլուխ 7. Գորիս

Բռնադատվածի մասին տարբեր բաներ էինք բացահայտում, երբ ընկեր Վարդանը հեռախոսազանգին պատասխանելուց հետո, ինձ ասաց, որ հեսա քեռիս գալու ա տանի ինձ Գորիս: Ուռաա: Ես շատ էի կարոտել և՛ քեռուս, և՛ պապիկիս, և՛ քեռակինիս, և՛ տատիկիս և՛ եղբորս՝ Տիգրանին /ամենաշատը հենց իրան էլ կարոտել էի/:

Չլուսավորված փողոցով քեռիս քշում էր զրուցելով իր կողքը նստած պապիկիս հետ, իսկ ես ու եղբայրս էլ զրուցում ենք տարբեր բաների մասին սկսած նոր շնիկից՝ Ջեկոից, վերջացած ֆուտբոլով: Մենք փորձում էինք արագ խոսալ, որպեսզի կարողանայինք շատ բան պատմել իրար: Հաջորդ առավոտյան ինն անց կեսին ես կրկին պետք է Կոռնիձորում լինեի: Չնայած ես մեծ հաճույքով կմնայի Գորիսում, կխաղայի ու շատ լավ ժամանակ կանցկացնեի եղբորս հետ, սակայն Կոռնիձորում անցկացվելիք ժամանակը պակաս լավը չէր լինելու՝ մենք բարձունքի հաղթահարում էինք անելու կոռնիձորցի երեխաների հետ և մի բան էլ ավելին՝ մարզական հանդիպում էինք անցկացնելու կոռնիձորցիների հետ: Դա մտածելով ես ինձ զգացի կատարյալ երջանիկ՝ այդպես ինձ զգում եմ այն ժամանակներին՝ երբ երկու երջանկություններ, լավ բաներ, որոնք մեկը մյուսից լավն են միաժամանակ իմ կողքն են լինում: Դա աննկարագրելի ուրախ պահ է ու ես այն անվանում եմ կատարյալ երջանկություն: Ահա այդ երջանկությունն էի վայելում երբ մտնելով ավտոտնակ իմ առաջ վազեց մի ընտիր շնիկ: Սպիտակ շնիկը ուներ  30 սմ-ից էլ փոքր երկարություն, փոքրիկ և փափլիկ թաթիկներ և երբ նա թավալ էր տալիս ոտքերիս վրա, նույնիսկ ոտքերն էին կատարյալ երջանկանում: Օ, Ջեկո, Ջեկո: Հաջորդ օրն առավոտյան, ես ու եղբայրս արթնանալուն պես թռանք այգի տեսնելու մեր տասնյոթամյա շանը՝ Ռեկոին, հավերին և երկու բադերին՝ մեկը դեղին, մյուսը սև ու երբ հասանք խաղողի վազերի տակ, բանից պարզվեց, որ Ջեկոն էլ է արթուն:

-Սոված կլինի,-ասաց եղբայրս և հաջորդ վայրկյանին Ջեկոն հացի փշրանքներով կաթ էր լպստում: Մինչ նա կլպստեր, մենք հանդիպեցինք Ռեկոին, որն արդեն լավ էլ ծերացել էր: Չուներ նույն թափը, ինչ ուներ առաջ: Չուներ այն նույն հավեսը, որն ուներ առաջ: Երբ կանչում էիր Ռեկո, նա տխուր քեզ էր նայում, իսկ առաջ կլանչում էր և պոչն արագ արագ թափահարում: Սրտաճմլիկ էր այդ պատկերը ու ես և եղբայրս մխիթարվեցինք այն փաստով, որ այնուամենիվ Ռեկոի փոխարեն կլինի Ջեկո ու նա էլ կկլանչի և պոչ կթափահարի, երբ մոտենանք նրան և ասենք. Ջեկո-Ջեկո: Հավերը բնականաբար չէին փոխվել, նույն ձևի կչկչում էին և սոված գայլի նման հարձակվում գետնին թափվող կուտին: Բայց այ երկու բադերն այնպես էին փոխվել, որ էլ չասած: Նրանք արդեն կատվից էլ մեծ էին: Ամռանը փոքրիկ ծիտիկի չափ հազիվ լինեին, իսկ հիմա արի ու տես, թե ինչ մեծ են դարձել: Ինչևէ: Հրաշալի էր Գորիսում, իմ եղբոր, տատիկի, պապիկի, քեռու և քեռակնոջ հետ:

 

 

IMG_0015.JPG

 

 

 

IMG_0002IMG_0014.JPG

IMG_0024.JPG

 

 

Գլուխ 8. Կոռնիձորի դպրոցը, մարզական հանդիպումը

Կոռնիձոր հասնելուց հետո, բոլոր  ընկերներիս ու ուսուցիչներիս էլ չհասցրի բարի լույս ասել, երբ գնացինք Կոռնիձորի դպրոց՝ կրթական փոխանակման նախագծով: Մենք ներկայացանք իրար, ծանոթացանք և սկսեցինք երգել պարել: Կոռնիձորցիներն իսկապես լավ էին երգում և պարում: Նրանք շատ բարեհամբույր էին և իրար հետ ծանոթանալով, որոշ ժամանակ անցկացնելով, որոշվեց մարզական հանդիպում անցկացնել:

 

 

Այս տեսանյութն էլ, որ նայեք՝ ծիծաղից կմեռնեք:

Ինձ հատկապես դուր էր գալիս այն, թե ինչպես էին մարզադահլիճի աթոռներին հավաքված կոռնիձորցի աղջիկները, փոքր տղաները ոգևորում մեր հետ խաղացող կոռնիձորցի տղաներին և ուրախանում նրանց ամեն մի հաջողությունից: Չնայած նրանք մեզ չէին ոգևորում, ես հաճույք էի ստանում այդ մթնոլորտից: Ամեն ինչ հիանալի էր:

 

Գլուխ 9. Անմոռանալի բարձունքի անմոռանալի հաղթահարումը և գետը

Կոռնիձորցի երեխաներ հետ արդեն ընկերացել էինք և շաղակրատում էինք իրար հետ, երբ եկան ու ասացին, թե պատրաստվեք գնում ենք Սռի եղցի, մեկ էլ ՙՙԳետը համայնքում՚՚ նախագծով Հագարի գետը մաքրելու: Մենք անմիջապես վազեցինք ուսապարկները վերցնելու, իսկ Կոռնիձորցիները սկսեցին մեզ սպասել դեպի Սռի եղցի տանող գյուղաճամփին: Արդեն ճանապարհին ենք ու մեզ թվում էր, որ մեր այդ ճամփորդությունը ամենևին էլ բարձունքի հաղթահարում չէր, որովհետև մենք արդեն քառասունհինգ րոպե, ուղղակի քայլում էինք դաշտերով ու արոտավայրերով: Չգիտես ոնց, այդ ուղիղ արահետը հանկարծ սկսեց իջնել ու բարձրանալ: Այսինքն մենք այդ օրը հավանաբար մի տասը փոքրիկ բլուր բարձրացանք իջանք և երբ այդ հեշտ արահետը վերջացավ, հայտնվեց այնպիսի մի գեղեցիկ ու հետաքրքիր տեսարան, ինչպիսին սա է՝ Սռի եղցին:

IMG_0124.JPG

Բայց այդ գեղեցկությունը ավելի մոտիկից վայելելու համար պետք էր այնպես իջնել այդ բլուրից, այնպես անհարմար տեղով իջնել, որ կարելի էր միանգամից համոզվել, տեղացիները շատ էլ ճիշտ անուն էին դրել փոքրիկ եկեղեցուն՝ Սռի եղցի: Սռի նշանակում է անհարմար, իսկ եղցի՝ եկեղեցի: Կարծես ֆիլմ լիներ, որ ցույց էր տալիս անսահման դաշտեր, հեռվում մի քանի ծառեր և մեկ էլ կադրը փոխվում է ու երևում են ժայռեր, որոնց վրա բուսնել էին կանաչ ու փարթամ թփեր: Սռի եղցին վայելելուց հետո սկսվեց իսկական բարձունք-իջնունքի հաղթահարումը: Չկար ոչ մի արահետ և մենք բույսերի ու երեկվե տեղացած անձրևի թողած սղացող ցեխի միջով իջնում էինք ձորը: Ինչ դժվար էր այդ իջնելը, շատ շնորհակալ եմ, բոլորին, որ միմյանց օգնեցինք ու կարողացանք հաղթահարել այդ դժվար իջնունքը: Իջնունքից հետո, հանգստանալուց հետո սկսվեցին իսկական դժվարությունները, մենք թռանք երկու գետակի վրայով /չէինք էլ թռնի եթե չօգնեին Կոռնիձորցի տղաները/ բարձրացանք ու իջանք երկու սար ու վերջում էլ հասանք ավտոի ՙՙճանապարհի՚՚ կամ էլ լայն արահետի: Այնպես ստացվեց, որ ես, մեր 8-3-ցի Ալին Զաքերի և երկու կոռնիձորցի տղաներ առաջ էինք ընկել բոլորից և հանգիստ քայլում էինք մեզ համար շաղակրատելով ու ինչեր ասես չհայտնաբերելով՝ ոչխարի գանգ, գայլի ոտնահետք ու նույնիսկ մարիխուանա: Այդ ամենը շատ զվարճալի էր ու մենք մի լավ զվարճացանք նաև այն ժամանակ, երբ հանդիպեցինք ճամփաբաժանի ու սխալ ճանապարհը ընտրելով համարյա մոլորվեցինք: Լավ է կոռնիձորցի Էրիկն ու Արմենը ջոկեցին, թե չէ իրանք չլինեին, ես ու Ալին հիմա անտառում նստած լավագույն դեպքում նապաստակի միս էինք խորովելիս լինելու: Ի վերջո այդ ճանապարհով մենք չորսս հասանք նոր կառուցվող ինչ-որ ՀԷԿ ու սպասելով մյուսներին լիքը զրուցեցինք: Երբ բոլորը հավաքվեցինք, մտանք այդ ՀԷԿ-ի տարածքը, որն ի դեպ սեփական էր և ամեն ոք չէր կարող այնտեղ մտնել: Կյանքումս առաջին անգամ ես նստեցի ու կերուխում արեցի որևէ ՀԷԿ-ի տարածքում ու քանի որ բնությունն այնքան հիասքանչ էր և զով քամին այնպես մեղմիկ էր, ինձ շինարարական փոշին չէր խանգարում զվարթ կերուխում անել Հագարի գետի ափին ընկերներիս հետ, այնուհետև նաև մաքրել Հագարի գետի մեզ թույլատրված հատվածը: Չնայած այն սեփական տարածք էր,  բավականին կեղտոտ էր ի տարբերություն մեր սպասելիքների: Ու հլը այս շինարարներին տեսեք: Մենք մաքրել ենք, իսկ նրանք ասում են ՙՙձեր՚՚ աղբը ինքներդ էլ տարեք գցեք: Տո, նախ այդ ձեր աղբն էր ու հետո էլ պետք է շնորհակալ լինեք, որ եկանք ու ձեր սեփական տարածքը մաքրեցինք: Մենք նրանց հորդորեցինք այլևս չաղտոտել գետը և տանել աղբը գցել աղբամանի մեջ: Տեսնենք կկատարե՞ն մեր հորդորանքը: Ինչևէ, ես ուրախ էի, որ մաքրել էինք հայրենիքիս մի անկյունը:

 

 

Գլուխ 10. Բեռնատարի թափքում

Ամեն ինչ, ամեն ինչ հիանալի էր ու ես երջանիկ էի, որ հաղթահարել էի այսպիսի դժվար բարձունք: Արդեն Հագարի գետից պետք է վերադառնայինք, իսկ մեր ավտոբուսը չէր կարող տեղավորել մեզ ու կոռնիձորցիներին միաժամանակ, այնպես որ անիմաստ կլիներ նրա Կոռնիձորից այստեղ գալը: Չնայած որոշվեց, որ մենք պետք է վերադառնանք ոչ թե սպրինտերով, այլ բեռնատարի թափքի մեջ կանգնած, մենք դրանից ոչ թե տխրեցինք, այլ ընդհակառակը կրկին երջանկացանք: Ում էր բախտ վիճակվում կամազի թափքի մեջ կանգնած գալ: Երբ մենք կանգնեցինք թափքում, այնպիսի հաճույք եղավ բոլորիս համար, որ միաժամանակ հաճույքի ձայներ հանեցինք՝ այսպես՝ յյյյյյյիյիյիյիյի՜՜: Իսկ երբ բեռնատարը շարժվեց ուղղակի ապշեցինք մեր ունեցած երջանկությունից ու հավեսից: Ահա կամազը թեքվեց գլխավոր ճանապարհ ու ես ի՞նչ տեսա, գուշակեք: Մենք արդեն այնքան էինք քայլել  այդ օրը, որ քայլելով Հայաստանից Արցախ էինք հասել: Ես ուղղակի քար էի կտրել: Հրաշք էր ուղղակի: Իսկ կամազը սլանում էր, հա սլանում էր: Պաղ քամին խփում էր դեմքներիս, իսկ ինձ բախտ էր վիճակվել կանգնել առջևում ու ամեն ինչ, որ կար շուրջը տեսնել շատ լավ: Ես տեսնում էի լեռները, որոնց համար կռվել են ու կյանքն են տվել հազարավոր հայեր ու լեռներից երևում էր հորիզոնը: Այնպիսի գեղեցկություն էր, այնպիսի հպարտության զգացում… Լեռներ, սարեր, ձորեր և ԱՐՑԱԽ!!!

 

 

 

Գլուխ 11. Շաքիի ջրվեժ, Նորավանք և ՎԵՐՋ

Արդեն հաջորդ օրվա առավոտ էր, ես կրկին գիշերն անցկացրել էի Գորիսում և հիմա մենք բոլոր ճամբարականներս վերադառնում էինք Երևան: Դեռ կանգնելու էինք Շաքիի ջրվեժում և Նորավանքում, այնպես որ վերադառնալու առիթով դեռ չէինք տխրել: Ես ուրախ էի, որ կարող եմ նաև առաջին անգամ լինել Սիսիանում, որտեղ էլ գտնվում էր ջրվեժը: Սիսիանը գեղեցիկ քաղաք էր, թող ներեն ինձ սիսիանցիք, բայց Սիսիանը չէր կարող համեմատվել Գորիսի հետ: Գորիսը լավագույնն է: Շաքիի ջրվեժը շատ գեղեցիկ էր: Ուղղակի արտակարգ էր: Մեծ ու սքանչելի: Վայելելով և նկարվելով այնպես էինք տարվել, որ հավանաբար մեր կանգառը Շաքիի ջրվեժում տևեց մեկ ժամ, եթե ոչ ավել: Եվ լավ էլ էր, որ այդքան երկար էր, քանի որ ջրվեժը ուղղակի հրաշք էր և ես չէի կարողանում աչքս կտրել նրանից և նրա գեղեցկությունից: Հիմա կրկին ավտոբուսում ենք ու գնում ենք Նորավանք: Նորավանքում եղել էի շատ անգամներ ու ես այս անգամ որոշել էի անպայման իջնել այնտեղ գտնվող ինչ-որ փոս և բարձրանալ հայտնի ու դժվարին, ՙՙսռի՚՚ աստիճաններով: Ես նպատակս իրականացրի ու շատ գոհ մնացի: Նորավանքը բնականաբար նույն սքանչելի վանքն էր ու ես նախորդ օրվանից ընկերացած Ալիի հետ թափառում էի վանքի շրջակայքով, նրան ցույց տալով ամենինչ և պատմելով ամենինչ ինչ գիտեի վանքի մասին: Ի դեպ, ես ու Ալին վերջին վայրկյանին մտանք վանքի թանգարան ու ինչ ասես չտեսանք, սկսած նկարներից ու ձեռագրերից, վերջացած պատմական քարերով: Ես ու Ալին շատ գոհ մնացինք, որ հայտնաբերել էինք այդ թանգարանը ու վայելել այն, ցավոք, երբ դուրս եկանք, որ մյուսներին էլ կանչենք թանգարանը տեսնելու, պարզվեց, որ արդեն գնում էինք: Ահա նորից ճանապարհն է: Մեկուկես ժամ հետո հեռվից կերևա Երևանը և մեր հրաշք ճամփորդությունը կավարտվի:

 

 

Ինչ հրաշք ճամփորդություն էր: Ե՛վ երեկոյան Խնձորեսկ, և՛ զարմանալի բացահայտումներ բռնադատվածի թոռան հետ, և՛ Գորիս, իմ եղբայր ու հարազատներ, և՛ մարզական զվարճալի հանդիպում, և՛ անմոռանալի բարձունքի անմոռանալի հաղթահարում,և՛ կամազի թափքի մեջ սլանալ, և՛ գեղեցիկ Շաքի ու Նորավանք, և՛, և՛, և՛, և՛ ամեն հրաշալի բան, որ կա այս աշխարհում:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ՝ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐԻՆ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԿՈՌՆԻՁՈՐՑԻՆԵՐԻՆ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՍ ԵՎ ՏԻԱՐ ԲԼԵՅԱՆԻՆ, ՈՐ ԻՐ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՈՒՆԵՆԱԼ ԿՅԱՆՔԻ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՀԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԻՆ:

1 comments

  1. […] Տարվա ընթացքում ես մի շարք նախագծերի եմ մասնակցել, ունեցել եմ նաեւ հեղինակայն նախագծեր, սակայն մայիսյան հավաքին կհասցնեմ մասնակցել միայն <<Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար>> նախագծին: Մասնակցել եմ Աշոտ Տիգրանյանի ՛՛Բռնադատվածներ՛՛ նախագծին: Ահա իմ անդրադարձը: https://aramkh.wordpress.com/2017/10/20/%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D6%84-%D5%AF%D5%B8%D5%B&#8230; […]

Թողնել մեկնաբանություն